Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների հարուստ օրակարգը: Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում հայ-ամերիկյան ինտենսիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելություններն էապես նպաստում են ռազմավարական երկխոսության շարունակական զարգացմանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և կարևորել Միացյալ Նահանգների ու ընդհանրապես միջազգային հանրության համարժեք ու հասցեական արձագանքը: Միաժամանակ, վարչապետը շեշտել է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել նաև ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: