Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով. Էրդողան
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է Եվրոպային վառելիք մատակարարող գազային հանգույց ստեղծելու շուրջ։ Նրա խոսքերը փոխանցում է RIA Novosti-ն։
Էրդողանը նշել է, որ եվրոպական երկրներն այժմ մտածում են, թե ինչպես ապահովեն իրենց էներգիայով գալիք ձմռանը։
«Մենք, փառք Աստծո, նման խնդիր չունենք։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպմանը պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու մասին»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ իր հետ զրույցում Վլադիմիր Պուտինն ինքը հայտարարել է, որ Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարել էր, որ երկիրն ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն իր տարածքում միջազգային գազային հանգույց ստեղծելու համար։