Իսրայելը հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային
ԱշխարհԻսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ իր երկիրը զենք չի վաճառել և չի վաճառի Ուկրաինային։ Նախարարի խոսքով՝ Իսրայելը դրա փոխարեն բժշկական և հումանիտար օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։
«Ուզում եմ հստակեցնել, որ մենք զենք չենք վաճառել Ուկրաինային, մենք նրանց բժշկական և հումանիտար օգնություն ենք ցուցաբերել, և սա պետք է պարզ լինի՝ մենք զենք չենք վաճառել Ուկրաինային։ Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ զենք ենք վաճառել կամ վաճառելու ենք Ուկրաինային, նա սխալվում է: Ես պաշտպանության նախարարն եմ և պատասխանատու եմ Իսրայելի զենքի արտահանման համար»,- ասել է Բենի Գանցը «Կոլ Չայ» ռադիոկայանի եթերում։
Հոկտեմբերի 18-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է Իսրայելին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցում դիմելու մտադրության մասին։ Նրա խոսքով, իմանալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր կիրառման մասին՝ Իսրայելը զենքով կօգնի իր երկրին, քանի որ Իրանը «կարմիր գիծ» է Իսրայելի համար։
Ուկրաինայի իշխանությունները դեռ գարնանը խնդրել էին իսրայելական Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իսրայելից ոչ մի արձագանք չի եղել: Ըստ Axios-ի՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Մոսկվայի դժգոհությունը կազդի Սիրիայում նրա շահերի վրա։