Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀայաստանԱշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ:
Ինչպես տեղեկանում է Հուշահամալիրի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակն, այնուհետև շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին Անդրեյ Կովաչևը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: