Պենտագոնի ղեկավարը զանգահարել է Շոյգուին
ԱշխարհՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- նշել են ռազմական գերատեսչությունում։
Պենտագոնից հայտնում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ։
Շոյգուի հետ զրուցելուց հետո Պենտագոնի ղեկավարը զանգահարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ Նա ասել է վերջինիս, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները կշարունակեն օգնել Կիևին ռազմական նյութերի և զենքի մատակարարման հարցում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Լլոյդ Օսթինի և Ալեքսեյ Ռեզնիկովի զրույցը տեղի է ունեցել՝ «հաստատելու ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային դիմակայել «ռուսական ագրեսիային»», - ասել է ամերիկացի պաշտոնյան։
Օսթինն ընդգծել է, որ միջազգային հանրությունը շարունակում է աջակցել Ուկրաինայի հզորության ամրապնդմանը, ինչպես նաև ապագայում նրա պաշտպանական կարողությունների ապահովմանը։ Դա ցույց տվեցին դաշնակիցների և գործընկերների կողմից հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Ուկրաինայի հարցով վերջին հանդիպման ժամանակ ստանձնած ռազմական օգնության պարտավորությունները:
Ռեզնիկովն ու Օսթինը նույնպես պայմանավորվել են «մնալ սերտ կապի մեջ»։