ԵՄ-ն արդեն սառեցրել Է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ. Եվրահանձնաժողով
ԱշխարհԵվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակներում ներկա դրությամբ սառեցրել Է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ: Այդ մասին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հոկտեմբերի 27-ին հաղորդել Է ORF ռադիոյի եթերով:
«Մենք հասել ենք առաջընթացի, ապրիլին մենք սկսել ենք մոտավորապես 6,7 մլրդ եվրոյից, իսկ այսօր այդ գումարն արդեն կազմում Է 17,5 մլրդ եվրո»,-հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող 1350 անձանց ու կազմակերպությունների ակտիվների մասին Է: Ամենից շատ ակտիվներ արգելափակվել են ԳԴՀ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:
Դրա հետ մեկտեղ Վիգանդը չի մեկնաբանել Բրյուսելի դիվանագիտական շրջանակներից հաղորդագրություններն այն մասին, որ Հունգարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների գումարը կազմել Է մի քանի հազար եվրո: «Այդ ամենը (պատժամիջոցների) արդյունավետ պահպանման հարց Է, ինչին Էլ մենք ձգտում ենք հասնել: Մենք ստեղծել ենք սեփական աշխատանքային խումբ, որի շրջանակներում կանոնավոր կերպով աշխատում ենք անդամ երկրների հետ՝ պատժամիջոցների արդյունավետ կիրառումը եւ (ակտիվների) սառեցումն ապահովելու համար: Մի քանի անդամ երկրներ դեռ պետք Է կատարեն իրենց տնային աշխատանքը»,-նշել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: