Արգելել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հատել ՀՀ սահմանը. ՄԻՊ
ԻրավունքՄարդու իրավունքների Պաշտպանը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում։
Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: