Հայաստանում կորոնավիրուսին ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ
ՀայաստանՀայաստանում 2023 թվականին կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Նախարարը նշեց, որ մինչև 2023 թվականը կորոնավիրուսին ուղղվող ծախսերը ֆինանսավորել են հետևյալ կերպ՝ փաստացի ծախսված գումարների արդյունքում պահանջարկ են ներկայացնում պետական պահուստից միջոցներ հատկացնելու:
«Սկզբնական հատվածում շատ բարդ էր կանխատեսել, թե ինչպիսին կլինի հիվանդացության բեռը, և մենք ինչ ալիքներ կունենայինք: Մյուս կողմից էլ միջոցներ խնայելու, այսինքն՝ ավելորդ մեծ գումար և ոչ էլ պակաս գումար չուզելու համար, ընտրել էինք այս ֆինանսավորման մեխանիզմը: Բայց աշխարհում կորոնավիրուսի հիվանդացության արդյունքները ցույց են տալիս, որ մենք կարող ենք արեն որոշակի պլանավորման գնալ: Եվ հաջորդ տարվա բյուջեի մեջ այն արդեն որպես ծրագիր ներառված է: 5 մլրդ դրամ նախատեսված է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերը փակելու համար»,-ասաց Ավանեսյանը:
Վերջին 3 ամիսներին կորոնավիրուսի դեպքերի ալիք է եղել: Սակայն նախարարը շատ դրական համարեց, որ անգամ ալիքների պարագայում հոսպիտալացման բարձր ցուցանիշներ հիմա չեն լինում: