Համայնքային մանկապարտեզները 2023 թվականին կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով
Հասարակություն
Համայնքային մանկապարտեզները 2023 թվականին կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով, ինտելեկտուալ խաղերով, դիդակտիկ պարագաներով և թեմատիկ պաստառներով:
«Արմենպրես»- ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախաձեռնել և արդեն գործուն քայլեր են ձեռնարկել համայնքային թվով 162 մանկապարտեզներին ինտելեկտուալ ուսուցողական գրքերով ապահովելու նպատակով:
«Ծրագրի մեկնարկը կարելի է ասել որոշ մասով արդեն տրված է: Իրականացվել է գույքագրումը, որոշվել է, թե որ մանկապարտեզին ի՞նչ ծավալով և տեսակի գույք է տրամադրվելու: Մոտ ժամանակներս պետք է մրցույթ հայտարարվի, իսկ համալրումն արդեն կիրականացնենք հաջորդ տարի՝ 2023 թվականին»,- ասաց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ գործող 24 մանկապարտեզներում այս պահին մեծ ծավալներով իրականացվում են հիմնանորոգումներ և վերանորոգումներ: Մի քանիսն արդեն հանձնվել են շահագործման:
«Վերանորոգումներից հետո, բնականաբար, կարիք կա բովանդակությունը ևս թարմացնելու, նորացնելու և համապատասխանեցնելու ֆիզիկական նոր պայմաններին: Այդ իսկ պատճառով ձեռք ենք բերելու ինտելեկտուալ խաղեր՝ բնական նյութերից, մանկապարտեզներին ապահովելու ենք նաև դիդակտիկ պարագաներով, թեմատիկ պաստառներով, ինչպես նաև գրքերով»,-ասաց Մարգարիտ Խաչատրյանը:
Նա հավելեց՝ հասկանալի է, որ մանկապարտեզի երեխաները չեն կարողանում կարդալ, բայց, շատ կարևորելով վաղ հասակից գրքի հանդեպ սերը և խնամքը ուսուցանելու կարևորությունը, կարծում են, որ երեխաները իրենց առօրյայում հաճախ պետք է տեսնեն գիրքը, հետաքրքրություն ցուցաբերեն դրա նկատմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)