Բելառուսում կստեղծվի նոր հատուկ նշանակության գումարտակ
ԱշխարհԲելառուսում մոտ ապագայում կստեղծվի հատուկ նշանակության նոր գումարտակ։ Այս մասին «Սպեցնազ» ամսագրին տված հարցազրույցում ասել է ներքին գործերի փոխնախարար, հանրապետության ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Կարպենկովը։
Նրա խոսքով՝ կազմավորումը նախատեսվում է իրականացնել՝ հաշվի առնելով այս տարվա հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը, ինչպես նաև Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման փորձը։
«Մենք գումարտակ ենք ստեղծում, որը տեղակայվելու է Մինսկում, բայց նաև առաջադրանքներ կիրականացնի դիվերսիոն-հետախուզական խմբերի, ապօրինի զինված կազմավորումների դեմ, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական հետախուզություն, ռադիոէլեկտրոնային հետախուզություն իրականացնելու համար»,- պարզաբանել է նա։
Կարպենկովն ընդգծել է, որ հանրապետությունը գիտակցում է լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատների ստեղծման միջոցով մարտունակության բարձրացման անհրաժեշտությունը։