Սահակաշվիլին կոչ է արել «չշահարկել իր անունը»
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կոչ է արել հանրությանը չշահարկել իր անունը, հատկապես՝ ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով իր հնարավոր թունավորման մասին լուրերը։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական ցանցերում։
«Ուզում եմ նշել, որ երբևէ իմ փաստաբաններից ոչ մեկին չեմ ասել, որ թունավորման կասկած ունեմ։ Այս թեմայով շահարկումներն անտեղի են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նա հավելել է, որ իր առողջական վիճակը «իսկապես վատթարանում է, հատկապես վերջին երկու ամիսներին»։ Վրաստաննի նախկին նախագահը նշել է, որ «այդ հարցի չափից դուրս քաղաքականացումն ավելորդ է»։
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ դիմելու է փորձաքննության ազգային բյուրոյին՝ ուսումնասիրություն անցկացնելու համար՝ ստուգելու, թե Սահակաշվիլին իսկապե՞ս թունավորվել է ծանր մետաղներից։ Բրեգաձեն կոչ է արել բոլորին, ովքեր տեղեկություններ են տարածում Սահակաշվիլիի սնդիկով թունավորման մասին, ստուգել այդ տվյալները և ապացույցներ ներկայացնել, քանի որ Վրաստանի քրեակատարողական ծառայությունը հերքել է այդ լուրերը։