Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
ՀայաստանՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին:
Կառավարության փոխանցմամբ, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը երկրի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է անցած շաբաթ ստորագրված Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համատեղ Ասիական զարգացման բանկի՝ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը, որի ներքո ԱԶԲ-ն հատկացրել է 100 մլն ԱՄՆ դոլար:
Քննարկվել են Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումները և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ընթացիկ ծրագրերը:
Մատնանշվել են 2024-2028թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթությունների շրջանակներում հնարավոր նոր համագործակցության ուղղությունները: