Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել ընդլայնել ԵՄ սահմանները Բալկաններից մինչև Վրաստան
ԱշխարհԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կողմ է արտահայտվել Եվրամիության սահմանների ընդլայնմանը Բալկաններից մինչև Վրաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բուխարեստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ արված նրա հայտարարությանը։
«Անհրաժեշտ է ԵՄ ընդլայնման նոր գործընթաց սկսել։ Այն պետք է Բալկաններից տարածվի Վրաստան, հասնի Ուկրաինա ու Մոլդովա»,- ասել է նա։
Չավուշօղլուի խոսքով՝ այս տարածաշրջանը «չի կարող ամբողջական լինել առանց դրան Թուրքիայի մասնակցության»։
«Մենք կշարունակենք հանդես գալ հակամարտության տարածաշրջանի կենտրոնում՝ ապահովելով դրա անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ ուկրաինական հակամարտությունը թելադրում է Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը փոխելու անհրաժեշտությունը։
Նա հավելել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին կոչ է անում բաժանարար գծեր չգծել ազգային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում եւ «այդ հարցում կանգնել Թուրքիայի կողքին»։