Կինը կուլ է տվել բոլոր հիվանդությունները բուժող «հրաշք» քարը և հայտնվել հիվանդանոցում
ԱյլՎիետնամի Բակ Գյան գավառի բնակիչը, ով տառապում էր հազից, կուլ է տվել խաբեբաներից գնված «հրաշք» քարը, որը, իբր, պետք է բուժեր բոլոր հիվանդություններից, և հայտնվել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է VN Express-ը։
70-ամյա կինը երկար ժամանակ տառապում էր հազից։ Հիվանդությունից ապաքինվելու համար թոշակառուն հրաշք քար է գնել, որը, ինչպես ասում էին վաճառողները, պետք է բուժեր ցանկացած հիվանդություն։ Գովազդի համաձայն՝ բուժվելու համար բավական էր քարը բերանի մեջ պահել։
Կինը, հետևելով հրահանգներին, քարը դրել է բերանը, պառկել քնելու և պատահաբար կուլ է տվել այն։ Երբ արթնացել է, կոկորդում ուժեղ ցավ է զգացել և խուճապի մատնվել։ Հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։
Բժշկական հաստատությունում ռենտգեն են արել և կերակրափողի մեջ խրված մոտ երկու սանտիմետր չափով առարկա հայտնաբերել։ Վիրահատության ժամանակ վիրաբույժները էնդոսկոպի միջոցով հեռացրել են քարը։ Հիվանդի վիճակն այս պահին գնահատվում է կայուն։
Բժիշկները կոչ են արել մարդկանց չվստահել կասկածելի ծագման բժշկական ապրանքներին, որոնք վաճառվում են համացանցում։ Եթե օտար առարկաները պատահաբար կուլ եք տալիս, անհապաղ դիմեք բժշկի և մի փորձեք դրանք տանը ինքնուրույն հեռացնել: