Ֆինլանդիայի պաշտպանության նախարարը Անկարայում կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
ԱշխարհՖինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը դեկտեմբերի 7-8-ը Անկարայում կքննարկի Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության գործընթացը, հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
Անտի Կայկոնենը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով 2022 թվականի դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Անկարա կժամանի։
Պաշտպանության նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, անվտանգության ընդհանուր իրավիճակը եւ երկրների միջեւ պաշտպանական համագործակցությունը։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Կայկոնենը ծաղկեպսակ կդնի նաեւ Աթաթուրքի դամբարանին։
Մայիսի 18-ին Ֆինլանդիան եւ Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, դաշինքին միանալու հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Մինչ օրս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը 30 երկրներից միայն երկուսը չեն վավերացրել` Հունգարիան եւ Թուրքիան: