Պլոմբանյութը հայտնվել էր հայմորյան խոռոչում՝ դառնալով տղամարդու չդադարող գլխացավերի ու ինքնազգացողության վատացման պատճառ
ՀասարակությունՍպիտակիբժշկական կենտրոն դիմած 57-ամյա տղամարդը գանգատվում էր չդադարող գլխացավերից, քթարտադրությունից, քթային դժվարաշնչությունից:
Տեղեկացնում է Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։ Տարիների ընթացքում ցավերը գնալով ուժգնացել էին, դեմքի շրջանում առաջացել էր ծանրության զգացում, ակնակապիճային շրջանում ուժեղ ցավեր: Իրականացված հետազոտություններից հետո պացիենտի մոտ ախտորոշվել է ձախ հայմորյան խոռոչում օտար մարմնի՝ պլոմբանյութի առկայություն:
Սպիտակիբժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջաբան Մարտուն Սարոյանի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն՝ արմատային հայմորոտոմիա, հայմորյան խոռոչից հեռացվել է հայտնաբերված պլոմբանյութը, ամբողջովին մաքրվել է հայմորյան խոռոչը: Պացիենտի մոտ, բուժմանը զուգահեռ անհետացել են նախկինում առկա գլխացավերն ու մյուս գանգատները: Տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից լավացումով: Պացիենտի պատմելով՝ մոտ 7 տարի առաջ էր կատարվել վերին ատամի պլոմբավորում, ինչից հետո էլ պլոմբանյութը լցվել է հայմորյան խոռոչ:
Բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Մարտուն Սարոյանը կոչ է անում ազգաբնակչությանը՝ դեմքի շրջանում ծանրության զգացումի, գլխացավերի, քթային դժվարաշնչության, քթից պարբերաբար արտադրության, կամ նմանատիպ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի՝ հետագա բարդություններից ու վտանգներից խուսափելու համար: