Ադրբեջանն ու ԵՄ-ն նոր պայմանագիր կկնքեն
ԱդրբեջանԱդրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և այս շաբաթ տեղի ունեցավ նոր բանակցային հանդիպում։ Այս մասին Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Միխալկոն ասել է 2022 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հայտնում է APA-ն։ Նա նշել է, որ բանակցությունները հաջող են անցել։
«Ներկայումս բանակցությունները ամենաբարձր մակարդակի վրա են, առաջընթաց կա։ Սակայն որոշ կետերով համաձայնության գալու շուրջ քննարկումները շարունակվում են։ Ես հավատում եմ, որ շատ շուտով մենք ականատես կլինենք բանակցությունների ավարտին և նոր համաձայնագրի կնքմանը»,- ասել է դեսպանը։
Նա նշել է, որ ԵՄ-ն 2 միլիարդ եվրո կտրամադրի Ադրբեջանում տնտեսական զարգացումը արագացնելու ու աշխատատեղերի ստեղծման համար:
«Առանցքային պահ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բաքու, որի ընթացքում ստորագրվեց էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր։ Այս համաձայնագիրը ոչ միայն կնպաստի Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարմանը, այլև կկենտրոնանա Ադրբեջանի «կանաչ» զարգացման վրա»,-ասել է Պյոտր Միխալկոն։