Ճանաչված լրագրող Գևորգ Էմին-Տերյանը քաղաքական հալածանքի է ենթարկվում
Իրավունք«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ քաղաքացի, լրագրող, խմբագիր, մանկավարժ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ հարուցված քրեական գործն, ըստ էության՝ քաղաքական հետապնդում է, որով փորձում են հալածել ճանաչված լրագրողին սուր քննադատական հրապարակումների համար Oragir.News-ում և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում։
Տեղեկացնենք, որ Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսացել վերջինիս ֆեյսբուքյան գրառումը՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Քննչական մարմինը գրառման մեջ բռնության կոչ է նկատել, սակայն չի նկատել հասցեական հանգամանքների բացակայությունը։ Լրագրողի նկատմամբ այսօրինակ հալածանքով խախտվում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, խարխլվում են Հայաստանում արդարադատության և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները, ոտնահարվում է խոսքի ազատությունը»։