Բեյրութում խաղաղապահ է սպանվել
ԱշխարհԼիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) զորախմբի մեկ խաղաղապահ սպանվել է, ևս երեքը վիրավորվել է նրանց և տեղի բնակիչների միջև փոխհրաձգության հետևանքով, РИА Новости-ին հայտնել է Լիբանանի անվտանգության ուժերի աղբյուրը։
Նրա խոսքով՝ երեկ երեկոյան երկու խաղաղապահներ ընտրել են սովորականից տարբերվող երթուղիներ։ Նրանցից մեկն ուղղվել է դեպի Տյուրոս քաղաքի մոտ գտնվող հին ծովափնյա մայրուղին։ Այնտեղ տեղի բնակիչները քարեր են նետել UNIFIL-ի մեքենայի վրա։
«Արդյունքում՝ խաղաղապահ վարորդը շփոթվելով՝ տապալել է տեղի բնակչին, սկսվել է փոխհրաձգություն։ Խաղաղապահներից մեկը ծանր վիրավորվել է, մյուսը մահացել է», - ասել է աղբյուրը։
Ըստ լրատվամիջոցների՝ մահացած խաղաղապահը Իռլանդիայից էր։ Իռլանդական հրապարակումների համաձայն՝ երկու զրահամեքենա՝ ութ խաղաղապահներով, փոքր տրամաչափի հրացանի կրակի տակ են հայտնվել։ Չորս զինծառայող հոսպիտալացվել է, նրանցից մեկը մահացել է հոսպիտալում, մյուսը վիրահատությունից հետո ծանր վիճակում է։