ՀՀ ոստիկանության պետն ԱՄՆ ԹՊԻՀ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատուին պարգևատրել է մեդալով
ՀասարակությունԴեկտեմբերի 16-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին։
ՀՀ ոստիկանության պետը ողջունելով հյուրերին՝ բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի սերտ կապը, ինչի շնորհիվ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ։
Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց իր առաքելությունը մեր երկրում ավարտող՝ ծրագրի իրավապահ գործերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին՝ շուրջ 6 տարի կատարած փոխշահավետ աշխատանքի համար։
ՀՀ ոստիկանության պետը մատնանշեց հատկապես այն մեծ աշխատանքը, որ նա կատարել է Հայաստանում պարեկային ծառայության ստեղծման նպատակով։
Ադի Հոլովեյը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ մեծ հարգանք ունի ոստիկանի կերպարի հանդեպ և այս տարիների ընթացքում տեսել է ոստիկանության մարտահրավերներն ու աշխատանքը։ Նա հաջողություն մաղթեց ՀՀ ոստիկանությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցության զարգացման ուղղությամբ ներդրած ավանդի համար Ադի Հոլովեյին պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։