Երեւան-Մոսկվա թռիչքի ժամանակ տագնապի ազդանշան տված մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
ՀասարակությունHawker 800A մասնավոր ինքնաթիռը, որը երեկ՝ դեկտեմբերի 18–ին, Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, տեխնիկական խնդրի պատճառով վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Դա մասնավոր փոքր ինքնաթիռ էր, որը Հայաստանի օդային սահմանը հատել է, ապա Ադրբեջանի օդային սահմանում բորտի հրամանատարը հայտնել է, որ տեխնիկական խնդիր կա եւ որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»,– փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, բիզնես դասի ինքնաթիռը օդ է բարձրացել 18:40-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից և մի քանի րոպե անց, թռչելով Ադրբեջանի վրայով, տագնապի ազդանշան է տվել։