Թեհրանն իր միջուկային ծրագրի շուրջ «ճնշման տակ» չի բանակցի ԱՄՆ-ի հետ․ ԱԳՆ
Իրան
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «ճնշման տակ» չի բանակցի ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ։
«Մենք ճնշումների ու ահաբեկման տակ չենք բանակցի, սա չենք էլ դիտարկի»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ «Իրանի միջուկային էներգետիկայի ծրագիրը միշտ եղել է և կլինի բացառապես խաղաղ բնույթի»։
«Հետևաբար, սկզբունքորեն գոյություն չունի դրա «պոտենցիալ ռազմականացում» հասկացությունը»,- ընդգծել է նախարարը։
Արաղչին հավելել է, որ Իրանը ներկայումս բանակցություններ է վարում «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա – խմբ․), ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։
«Ներկայումս մենք խորհրդակցում ենք ԵՄ եռյակի և առանձին՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ հավասար հիմունքներով և փոխադարձ հարգանքով: Նպատակը մեր միջուկային էներգիայի ծրագրի նկատմամբ վստահության և թափանցիկության ձևավորման ուղիների որոնումն է անօրինական պատժամիջոցների չեղարկման դիմաց», - ասել է նա:
