Ազգությամբ եզդի Ալիկը իր Շուշին չտվեց ուրիշին. զոհվեց, ինչպես մեր մյուս հերոսացած զինվորները
ՀասարակությունԱզգությամբ եզդի Ալիկ Խուդոյանը զոհվեց Շուշիի պաշտպանության ժամանակ: 19 տարեկան էր, Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքից:
Ալիկի հարազատ Այսեր Իսայանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նա վերջին անգամ՝ զոհվելուց 1 օր առաջ, խոսել է հայրիկի հետ, ասել, որ ամեն ինչ լավ է:
«Ալիկենց ընտանիքը բազմանդամ է՝ 5 տղա, 3 աղջիկ: Ալիկի 4 եղբայրները նույնպես ծառայել են Արցախում: Նվիրված զինվոր է եղել, ոչ մի անգամ ընտանիքին խուճապի չի մատնել և չի անհանգստացրել»,- ասաց Իսայանը:
Ընտանիքի վիշտը շատ մեծ է, կորուստն՝ անդառնալի, բայց ծնողներն հպարտությամբ են կրում հերոսի ծնող լինելու պատիվը, իսկ Եղեգնուտ համայնքը՝ մեծից փոքր, սգում է Ժպտերես Ալիկի կորուստը:
Յուրահատուկ բնավորությամբ Ալիկը ավարտել էր դպրոցն ու մեկնել ծառայության, իսկ զորացրվելուն շատ քիչ էր մնացել:
«Շատ ընկերասեր էր Ալիկը, ոչ մեկին չէր նեղացնում: Կան մարդիկ չէ, որ ամեն ինչ անում են, որ իրենցից հետո նեղացած չլինեն իրենից, Ալիկը հենց այդ տեսակն էր»,- նշեց Իսայանն ու հավելեց. «Նա իր Շուշին չտվեց ուրիշին, մահվանն առճակատման գնաց, կյանքով պահեց հայրենիքը, ինչպես մեր մյուս հերոսացած զինվորները»: