Զոհված զինծառայողը մնացել է կես ճանապարհին` հացն այդպես էլ դիրքեր չհասցնելով. ինչ է պատմում հերոսի ընկերը
ՀասարակությունԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Կարապետի Մնացականյանը 18 տարեկան էր, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից։
«Կարենը շատ բարի, ազնիվ, շիտակ, ընկերասեր, բոլորին հասնող երիտասարդ էր։ 9-րդ դասարանը ավարտելուց հետո որոշեց գնալ Գյումրի՝ սովորելու Գյումրու արհեստագործական քոլեջի ոսկերչական բաժնում։ Ավարտեց, այնուհետև սովորեց Գյումրու ավտոդպրոցում, որից հետո էլ մասնակցեց վարորդական դասընթացների»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նրա ընկերը՝ Հովհաննես Սարգսյանը։
Հովհաննեսը պատմում է, որ Կարենը գեղեցիկ մատանիներ, վզնոցներ էր պատրաստում․ «Կարենի հայրն իրենց տան մոտակայքում արհեստանոց է սարքել, որ զորակոչվելուց հետո Կարենը գար ու այնտեղ աշխատեր, որովհետև նա երազում էր լավ ոսկերիչ դառնալ»։
3-ամսյա զինծառայող Կարենն ընտանիքի ավագ զավակն էր, ունի քույր ու երկու եղբայր․ «Աշխատող, թասիբով, կենսախինդ ու մեծահոգի անձնավորություն էր Կարենը»,- նշում է Հովհաննեսն ու հավելում, որ Կարենի երազանքն էր ծառայել բանակում ու պարտքը տալ հայրենիքին․ «Ցավոք, դա եղավ կյանքի գնով»։
Ընկերոջ հիշողության մեջ, հատկապես, տպավորվել է այն, որ Կարենը բանակ գնալու օրը մատուռում մոմ է վառել, աղոթել, որից հետո նոր գնացել։
Հովհաննեսն ընդգծում է, որ իր մայրը Կարենի դասվարն է եղել ու միշտ նշել, որ նա շատ խելացի է․ «Մայրս միշտ ասում է՝ Կարենը շատ լավ մաթեմատիկա գիտի, խնդիրը կարդում է ու միանգամից լուծում, շատ շուտ է տրամաբանում, բավականին կշռադատված է ու դաստիարակված է»։
Կարենի ընկերը նշում է, որ նա պատերազմական ծանր օրերին վարորդ էր․ «Ընկերս հաց հասցնելիս է եղել դիրքեր, բայց, ցավոք, նա և իր մյուս մարտական ընկերները անօդաչու թռչող սարքի զոհ են դարձել»։
Արփինե Հակոբյան