Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին. վարչապետ (տեսանյութ)
ՀայաստանԳաղտնալսվել են ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը: Ես ուզում եմ ասել, որ սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երևանցիների հետ հանդիիպման ժամանակ ելույթ ունենալիս, անդրադառնալով այսօր հրապարակված գաղտնի ձայնագրությանը:
«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակում հայտնաբերել դավադիրներին եւ ենթարկել խիստ պատասխանատվության: Երբ ես Հայկական Ժամանակի գլխավոր խմբագիր էի, թերթում հրապարակել էի տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ՝ պետության մեջ: Ես պատասխանատու ասում եմ, որ այդ «հայտուկ ծառայությունները» սափրագլուխների եւ ախրանաների տեսքով հայտնաբերվելու են եւ ոչնչացվելու են, բոլոր ապօրինի զինված խմբերը զինաթափվելու են: Ես այստեղից ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել: Պարոնայք Արթուր Վանեցյան եւ Վալերի Օսիպյան, ես երկու ժամից լսեմ ձեր զեկույցը՝ կատարված աշխատանքների եւ արդյունքների մասին»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: