Մեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. Արշակ Սադոյան
Քաղաքական«Ազգայի ժողովրդավարության միություն» կուսակցության անդամ Արշակ Սադոյանը պարզաբանել է, թե ինչու իրենց կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական առաջիկա արտահերթ ընտրություններին։
Պարզվում է՝ ճակատագրի հեգնանքով է ԱԺՄ-ն զրկվել ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին ավելի մանրամասն Արշակ Սադոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ըստ ԱԺՄ կուսակցության անդամ Արշակ Սադոյանի՝ երբ իրենք հայրենակիցներին էին դիմել աջակցության կոչով և նշել էին բանկերից մեկի հաշվեհամարը, վրիպակ են թույլ տվել՝ բաց թողնելով նիշերից մեկը։
«Մեր մեղքով՝ մի շատ ցավալի սխալ է կատարվել. այդ 8-րդ նիշից հետո չգրված 1 թիվը մեր վրա շատ թանկ նստեց և նաև այդ պատճառով մենք չկարողացանք հավաքել այս կեղտոտ ընտրական օրենքով սահմանված ընտրական գրավի գումարը»,-գրել է Արշակ Սադոյանը:
Չնայած այս ամենին, Սադոյանը նշում է, որ գոնե մի դրական բան է եղել, այն է՝ տվյալ բանկում այդ սխալ համարով հաշվեհամար չկա և բոլոր աջակիցներն իրենց գումարները կարող են ետ ստանալ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտ են ներկայացրել 11 քաղաքական ուժեր։