Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելն ապօրինի է. պաշտպան
Իրավունք«Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ քննիչի կողմից հետախուզում հայտարարելը եղել է ապօրինի, որի համար Հարությունյանի պաշտպանական կողմը բողոքարկել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Վերջինս նշեց, որ այժմ դատարանում ընթանում է իրենց կողմից ներկայացված բողոքի քննությունը քննիչի որոշման և դատախազի որոշման դեմ:
«Դիմել ենք դատարանին, որպեսզի դատարանը հաստատի մեր դիրքորոշման իրավական լինելը: Հստակ օրենքով նշված են պայմաններ, իսկ հետախուզում հայտարարելիս այդ պայմաններն առկա չեն եղել, և քննիչը կատարել է օրենքի վրա չհիմնված, ապօրինի որոշում»,-նշեց պաշտպանը:
Անդրադառնալով իր պաշտպանյալի հայտարարությանը, թե նրա դեմ գործընթացներում անձնական վրեժխնդրություն կա, Պողոսյանը հայտնեց, որ պատրաստվում է Հարությունյանի պաշտպանությունն առավելագույն ձեւով իրականացնել. «Այդ ընթացքում օբյեկտիվ փաստերի անհրաժեշտության դեպքում ցույց կտրվի այն ամենը, ինչն իմ պաշտպանյալն ասել է՝ արդեն փաստական հանգամանքներով: Ամեն դեպքում որևէ հայտարարություն, որևէ դիրքորոշում այնպես չէ, որ ուղղակի ասվում է. դրա համար կան փաստական տվյալներ»:
Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին Ատյանի որոշումն ու վերացրել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։ Թե որն է եղել որոշման հիմքը, մեզ հետ զրույցում պաշտպանը չնշեց, հայտնելով, որ միայն այսօր է ստանալու որոշման իր օրինակը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը: Նշենք, որ խոսքը Վահագն Հարությունյանի մասին է, որը այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: