Ոստիկանության ծառայողին բռունցքով հարվածած 48-ամյա վարորդը ձերբակալվել է
ՀասարակությունՄարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:
Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:
Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին հարցաքննության։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: