Հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանից երեխայի լացի ձայն է լսվել, 89-ամյա կնոջ կիսամոխրացած դի են գտել
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ 2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել»:
Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեհը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր: