Ալբերտ Թադևոսյանը խոսել է բասկետբոլի հավաքականի Ավստրիայից կրած խոշոր հաշվով պարտության մասին
ՍպորտՀայաստանի բասկետբոլի ազգային թիմի անդամ Ալբերտ Թադևոսյանն Ավստրիայից կրած պարտությունը կապում է առաջին քառորդում անհաջող խաղի հետ:
«Մենք վատ հանդես եկանք, իհարկե: Պարտություն կրեցինք միավորների մեծ տարբերությամբ: Մենք ակնկալում էինք, որ բարդ հանդիպում է լինելու, սակայն մեզ չհաջողվեց անել այն, ինչը մարզումների ընթացքում արել էինք: Բայց, Ավստրիայի հավաքականին պետք է արժանին մատուցել, քանի որ հրաշալի խաղ անցկացրին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Թադևոսյանը:
Վերջինիս խոսքով` խաղի ելքը որոշվեց առաջին քառորդից հետո, երբ մրցակիցն արդեն 20 միավոր առավելություն ուներ:
«Հոգեբանորեն բարդ էր շարունակել խաղը, այն բանից հետո, երբ մի շարք երեք միավորանոց նետումներ էինք բաց թողել: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից և շնորհակալություն՝ հրաշալի աջակցության համար»,- ասաց նա:
Բասկետբոլի աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալեց Ավստրիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը պարտվեց 49 միավորի տարբերությամբ` 80:129:
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Գեորգի Ղազանչյանն այդպես էլ չմոտեցավ լրագրողներին: