Տղամարդը Հելոուինին ահաբեկչի հագուստ է կրել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
ԱյլՄեծ Բրիտանիայի 40-ամյա բնակիչը որոշել է ահաբեկչի զգեստ հագնել Հելոուինի երեկույթի համար և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դեյվիդ Վութոնի զգեստը կապված է 2017 թվականին Մանչեսթերի մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ծայրահեղական Սալման Աբեդիի կողմից իրականացված ահաբեկչության հետ, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ, ևս 120-ը՝ վիրավորվել։
Տոնի համար Վութոնը կրել է արաբական գլխաշոր և շապիկ, որի վրա կարմիր գրիչով գրել է «Ես սիրում եմ Արիանա Գրանդեին»: Սոցցանցերում տղամարդը հրապարակել է նաև իր հանդերձանքից մեկ այլ հատված՝ սև պայուսակ, որի վրա գրված է եղել «բում» և «TNT»: «Գրազ կգամ, որ ես կվտարվեմ այս Հելոուինի երեկույթից», - կից գրել է նա:
Շատերը դատապարտել են Վութոնի արարքը։ Ի պատասխան՝ տղամարդն ասել է, որ իրենից երես թեքած ընկերները հումորի զգացում չունեն։ Վութոնի նախկին ընկերներից մեկը, ով տեսել է նրա հրապարակումը սոցցանցերում, դիմել է ոստիկանություն՝ հայտնելու ատելության հողի վրա կատարված հանցագործության մասին։ Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ։ «Ես չէի ուզում որևէ մեկին վիրավորել և ներողություն եմ խնդրում»,- ասել է տղամարդը։