Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նոր թատերաշրջանում կլինեն պրեմիերաներ, այդ թվում՝ «Վիշապը» քաղաքական սատիրան
ՀայաստանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 93-րդ նոր թատերաշրջանի մեկնարկը կտա սեպտեմբերի 13-ին։ Թատերաշրջանը կնվիրվի ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակին։
Թատերաշրջանը կմեկնարկի Հովհաննես Թումանյանի «Անուշ» ներկայացմամբ, բեմադրությունը` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի։
Թատրոնից Panorama.am-ին հայտնեցին, որ թատերաշրջանի առաջին պրեմիերան սեպտեմբերի 25-ին է Եվգենի Շվարցի «Վիշապը» քաղաքական սատիրան, բեմադրությունը` Ինգա Շահբազյանի։
Ներկայացման հիմքում Վիշապի մասին հեքիաթային պատմությունն է, հորինված ժողովրդի կողմից։ Ըստ պատմության, այդ վիշապին հաղթելն անհնար է, որովհետև հաղթողն ինքը վիշապ է դառնում, և միայն մաքուր սրտով մարդն է կարող սպանել վիշապին։ Այստեղ, հերոսներին ազատություն բնավ պետք չէ, ընդհակառակը, նրանք ուզում են ստրուկ լինել, միայն թե տերը նրանց հետ կոպիտ չվարվի։ Սակայն, մարդուն ազատ դարձնելու համար, Վիշապին սպանելը բավարար չէ…
Մինչև տարեվերջ թատրոնը նախատեսում է հյուրախաղեր Երևանում և Թբիլիսիում։
Սկսված են նոր ներկայացման փորձերը։ Այն հեքիաթ է մեծահասակների համար։