Աշխարհում ամենաարագ աճող տնտեսության ֆենոմենը
Հայկական Մամուլ168.am-ը գրում է․
Գլուխ են գովում, թե վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը համաշխարհային մակարդակի աճեր է գրանցում, դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը, աճի ցուցանիշով հայտնվել է առաջատարների տասնյակում. 2022թ. աշխարհում 9-րդն էր, 2023թ.՝ 4-րդը։ Այս տարի նույնիսկ ավելի բարձր է աճի տեմպը։
Սրանք են մեր տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշները, ասում է էկոնոմիկայի նախարարը՝ փորձելով թաքցնել իրականությունը։ Իսկ իրականությունը շատ տխուր է։ Եթե այդպես է, ինչո՞ւ համաշխարհային մակարդակի աճեր արձանագրող Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ գրեթե չեն կատարվում, նոր արտադրություններ չեն բացվել։ Բացվելուց էլ արագ փակվում են։ Ինչո՞ւ տնտեսության վիճակն այդպիսի աճերից հետո ոչ թե բարելավվում է, այլ միայն վատանում։ Ինչո՞ւ տնտեսության որակը չի լավանում, ինչո՞ւ մրցունակ ապրանքներ չեն արտադրվում, ինչո՞ւ է տեղական արտադրանքի արտահանումը կրճատվում, արտադրությունների ծավալները նվազում։
Սրանք հարցեր են, որոնք ուղիղ կապ ունեն տնտեսության վիճակի հետ։
Թե վերջին տարիներին ինչի՞ հաշվին են համաշխարհային մակարդակի աճեր գրանցվում Հայաստանում, բոլորին էլ լավ հայտնի են։ Մինչև անցած տարվա վերջ՝ այդ աճերն այլ երկրների ապրանքները պատժամիջոցների տակ գտնվող ռուսական շուկա մատակարարելու արդյունք էին։ Այս տարի էլ ռուսական ապրանքները, մասնավորապես՝ ոսկին, նաև ադամանդն են Հայաստանով տեղափոխում ու տնտեսական աճեր ցույց տալիս։
Հայաստանի տնտեսական աճի մեջ այնքան մեծ է ռուսական ոսկու ազդեցությունը, որ արդեն չգիտեն, թե ինչպես թաքցնեն։ Քանի կար՝ տեղավորել էին ոսկեգործության մեջ, համառորեն փորձում էին ապացուցել, որ Հայաստանում ոսկեգործությունն աշխարհին անհայտ արագությամբ սկսել է զարգանալ։ Բայց հետո հասկացան, որ այդպես բոլորին խաբել չեն կարող։
Ոսկեգործական ներկայացվող ապրանքները հանկարծ դարձան համաձուլվածք, դադարեցին ոսկեգործական լինել։
Իրականում սա նույնիսկ արտադրություն դժվար է անվանել։ Այդ ոսկուց Հայաստանում ոչ թե ոսկերչական ապրանքներ են ստանում, այլ համաձուլվածք, որը հետո արտահանում են։
Այսպիսի ձևականությունների վրա են հիմնված Հայաստանի վերջին տարիների «համաշխարհային մակարդակի» աճերը։ Դրանց կապը տնտեսության հետ մինիմալ է։ Երբ հանում ենք այդ գործոնները, տնտեսական աճի տակը դատարկվում է։ Ու ինչքան էլ էկոնոմիկայի նախարարը փորձի համոզել, որ այս տարվա բարձր աճերը միայն ոսկու վերաարտահանումների արդյունքը չեն, պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ապացուցում։ Առանց ոսկու՝ ինչպես ընդհանրապես տնտեսությունը, այնպես էլ՝ հատկապես արդյունաբերությունը կհայտնվեին անկման մեջ։ Այդ մի ոլորտի հաշվին արտադրության ծավալների ավելացումն ավելին է, քան ամբողջ արդյունաբերությանը։
Սա է մեր տնտեսության բնութագիրը, չնայած տնտեսական աճի տեմպերով «համաշխարհային մակարդակում» ենք ու դեռ շարունակում ենք նոր ռեկորդներ գրանցել։
Տնտեսության վիճակը հասկանալու համար, նախ պետք է տեսնել, թե այսպիսի «առաջընթաց» տնտեսական աճերի պայմաններում ի՞նչ նոր արտադրություններ են բացվում։
Այստեղ է, որ ասելիք չկա։ Եվ ոչ միայն վերջին երկու-երեք տարիների կտրվածքով։
Եթե հավատայինք Նիկոլ Փաշինյանի ասածներին, հիմա պիտի Հայաստանում բազմաթիվ նոր արտադրություններ բացված լինեին, բազմաթիվ նոր արտադրանքներ թողարկվեին, ընդհուպ՝ հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, կենցաղային այլ տեխնիկա, նույնիսկ ավտոմեքենաներ։
Բայց ո՞րը կա այսօր, որոնց հաշվին տեղի են ունեցել արձանագրվող «համաշխարհային» աճերը։
Այս ընթացքում առնվազն մի քանի անգամ ու տարբեր տեսակի ավտոմեքենաների արտադրության մասին են հայտարարել՝ էլ հայ-իրանական, հայ-կորեական, այլ։ Անցած տարի ընդամենը մի քանի մեքենա հավաքեցին, արդեն համաշխարհային մակարդակի աղմուկ էին բարձրացրել։ Այս տարի ընդհանրապես մեքենաներ չեն արտադրվել։ Այնպես, ինչպես ժամանակին չարտադրվեցին ու տեղական և միջազգային շուկաները չողողեցին հայկական հեռուստացույցերը, սառնարանները, գազաբալոնները, այլ ապրանքները։
Անցած տարվա վերջին էկոնոմիկայի նախկին նախարարը հերթական աչքալուսանքը տվեց՝ հայտարարեց, որ այս տարվա հունվարից Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան կբացվի։
«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասում էր հայտնի չարաշահումների գործով պաշտոնանկ արված Վահան Քերոբյանը։
Կա՞ մեկը, որ տեսել է հայկական արտադրության ալյումինե ռադիատորները։
Թե՞ սա էլ արժանացավ նախորդների ճակատագրին՝ չբացված փակվեց կամ բացվելուց հետո փակվեց։
Փաստն այն է, որ համաշխարհային մակարդակի աճեր արձանագրող Հայաստանի տնտեսության մեջ նոր արտադրություններ գրեթե չեն բացվում։ Նույնիսկ գործող արտադրությունները չեն ընդլայնվում, երբեմն անգամ փակվում են։
Ու այդ պայմաններում, որքան էլ զավեշտալի լինի, աճի տեմպերով մեր տնտեսությունն աշխարհի առաջատարների հետ է ոտք գցում. հայտնվեց առաջատարների տասնյակում, հետո՝ հնգյակում, այս տարի գուցե նաև առաջինը դառնա։
Բայց դա ի՞նչ է տալիս մեզ, բացի այն, որ ունենում ենք նկարովի ցուցանիշներ՝ ոչինչ չտվող, ոչինչ չասող։
Այդպես էլ չհասկացան, որ ուրիշ երկրների հաշվին համաշխարհային մակարդակի աճեր գրանցելն ամենևին էլ տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցիչը չէ, որ տնտեսությունն ուռճացված թվերը չեն։ Կառավարության տնտեսական քաղաքականության հաջողությունները երևում են ոչ թե այդ թվերի մեջ, այլ տնտեսության որակի, տնտեսության կառուցվածքի, աճի արդյունքների, բացվող արտադրությունների, նոր արտադրանքների արտադրության մեջ։
Զարմանալի չէ, որ «համաշխարհային առաջատար» մեր տնտեսության վիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում, որովհետև բացարձակ զարգացում ու առաջընթաց չկա։ Եթե իրական տնտեսությունը չի զարգանում, մնացածը ոչինչ է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ