Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են
ՀասարակությունՀարավային Կորեայի Կլիմայի ֆիզիկայի կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև դարավերջ աշխարհի լճերը կբախվեն աննախադեպ տաքացման խնդրին՝ կլիմայի տաքացման հետևանքով, փոխանցում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Լճերը, որոնք հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոլոգիական կարևոր գործառույթներով, բախվում են տագնապալի միտումի՝ ջերմաստիճանի արագ աճի:
Վերջերս Nature Geoscience ամսագրում հրապարակվել է լճաբանների և կլիմայի մոդելավորողների թիմի կողմից կատարված հետազոտությունը: Գիտնականներին հաջողվել է մոդելավորել ջրի ջերմաստիճանը 1850-ից մինչև 2100 թվականն ընկած ժամանակահատվածը՝ համաձայն կլիմայի փոփոխության տարբեր սցենարների: Արդյունքները ցույց են տվել, որ երկրագնդի լճերը այս դարավերջին կբախվեն նախադեպը չունեցող կլիմայական պայմաններին:
Կենսաբազմազանությամբ հարուստ արևադարձային լճերը առաջինը կբախվեն աննախադեպ կլիմայական պայմաններին, քանի որ գլոբալ տաքացման ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2․4°C-ով նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ:
Կլիմայի տաքացումը կբերի լճերում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը՝ և մակերևույթային շերտերում, և խորքային շերտերում, որը կարող է կործանարար լինել լճերում ապրող ձկների և այլ օրգանիզմների համար։ Այնուամենայնիվ, որպես կանոն, ջրի ջերմաստիճանի տաքացման տեմպերը դանդաղում են՝ ըստ խորության։