Ագա Քանքանյան` Սիրուշոյի, Ջանեթ Ջեքսոնի ու Սամանթա Ջեյդի դիմահարդարը
Այլ«Ես 16 տարուց ավելի արդեն Ագա եմ» կես կատակ - կես լուրջ նշեց ArmStar.am–ի զրուցակիցը: Այսօր Ագան դարձել է շատ կանանց ու աղջիկների անբաժան «ընկերը»: Դիմահարդար Աղավնի Քանքանյանը՝ Ագան, դեռ մանկուց սիրել է նկարել, դիմահարդարել իր տիկնիկներին. «Մի օր էլ մայրիկիս նոր շորը կտրել ու տիկնիկիս շոր եմ կարել, բայց իհարկե նա չբարկացավ»: Հետագայում մանկական երազանքը դարձավ հիմնական աշխատանք, իսկ «տիկնիկներն» էլ դարձան մանեքենուհիներ:
«Այն տարիներին, ի ուրախություն ինձ, բացվեց «Ատեքս» նորաձևության տունը, որտեղ էլ ես սովորեցի Անդրեյ Միլմոնի ղեկավարած դասարանում, իբրև նկարիչ-մոդելավորող: Միլմոնն ինձ չէր կարողանում ասել Աղավնի ու անունս կնքեց Ագա, և բոլորը սկսեցին ինձ այդպես կոչել»:
Ուսանելու տարիներին զուգընթաց նա դիմահարդարում էր սույն նորաձևության տան մանեքենուհիներին. «Այդ տարիներին որպես այդպիսին Հայաստանում չկար դիմահարդարի մասնագիտություն, իսկ իմ մոդելների դիմահարդարումը ոչ մեկին չվստահելով, ինքս էի անում: Ցուցադրություններից մեկի ժամանակ էլ Անդրեյ Միլմոնը նկատեց իմ շնորքը և առաջարկեց համագործակցել»,- հիշեց Ագան:
Տաղանդավոր աղջկան հնարավոր չէր չնկատել. աշխատանքի առաջարկն ուշացնել չտվեց. «Այդ տարիներին մազերս բավականին երկար էին, ձիգ պոչիկ էի կապում և հոնքերս ինքնուրույն հանում. բոլորը հիացած էին և զարմանում էին, թե ինչպես եմ կարողանում հոնքերի նման ձև ստանալ և այդտեղից էլ սկսեց իմ կարիերան: Հետագայում աշխատեցի գեղեցկության սրահում, չնայած նրան, որ ծնողներս շատ դեմ էին», -պատմում է Ագան:
Չնայած այն տարիներին շատերն էին զարմանում, որ հոնքերը հանելու համար մարդիկ կարող են դիմել դիմահարդարին, բայց Ագան ապացաուցեց հակառակը: Նա այսօր բազմաթիվ հաճախորդներ ունի. «Իմ հաճախորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն բարձր ճաշակ, ոճ և անհատականություն»: Գնային ցուցակը որոշելուց էլ, այնպես է արել, որ յուրաքանչյուրի գրպանին քիչ թե շատ հարմար լինի. «Իհարկե շատ միֆեր են պտտվում, թե ինձ մոտ «աստղաբախշական» գներ են, բայց ես այն փորձել եմ պահպանել մեր երկրին համապատասխան»:
Հայտնի դիմահարդարը չի դադարում սովորել, նա միշտ հետևում է նորաձևության միտումներին. «Դիմահարդարման մեջ էլ կան նորաձևության տենդենցներ, կար շրջան, երբ նորաձև էին խիտ թարթիչները, բայց առաջատար աղջիկները չէին ուզում խիտ թարթիչներ, իսկ հիմա նրանք սիրում են հոնքերի բնական ձևը: Խնամված բնական տեսք, ով է հիմա լաքած մազերով ման գալիս, նույն էլ հագուսի մեջ, եթե առաջ երեկոյան հագուստներն ավելի ճոխ էին ու ծանր, ապա հիմա նախընտրում են թեթև, հանգիստ ոճ, նույն էլ դիմահարդարման մեջ է», - պարզաբանեց Ագան:
Հաճախ էլ խորհուրդ է տալիս. «Միշտ չէ, որ այն ինչ նորաձև է, քեզ սազում է. երբեմն տեսնում ես ծիրանագույն թափանցիկ սիրուն հարսի զգեստ կրող աղջկա, բայց smoky eyes աչքերով, պարզապես նա լսել է, որ դա է նորաձև և որոշել է այդպես շպարվել: Պետք է յուրաքանչյուրն իմանա, որ դիմահարդարումն առանձին էլեմենտ չէ, դա պետք է լրացնի ամբողջ ձեր տեսքը: Ամբողջ աշխարհում դիմահարդարումը դեմքի դիմագծերը ճիշտ մատուցելն է: Երբ նայում ես Ջոլիին, Լոպեսին, անմիջապես չես մտածում հագուստը համապատասխան է թե ոչ, դու հասկանում ես' որքան ճիշտ է կերպարային ընտրված»:
Ագայի ստուդիայում աշխատում են իմիջմեյքերներ, ովքեր աշխատում են հաճախորդի ամբողջական տեսքի վրա. «Դա իմիջ ստուդիա է, որտեղ աշխատում են թե կերպարի, թե ամենօրյա խնամքի վրա: Ես կասեմ ավելին, մեր մեջ չկա նաև մրցակցություն, ինչպես ես եմ սիրում ասել, բոլորս հավաքվել ենք գեղեցիկը ստեղծելու համար», նշեց Ագան:
Հայտնի դիմահարդարը շատ է կարևորում իր և Սիրուշոյի համագործակցությունը.
«Սիրուշոյի հետ ես եմ մշտապես աշխատում: Ինձ համար հաճույք է նրա հետ աշխատելը, անգամ նրա պահանջկոտությունը համարում եմ դրական հատկանիշ: Հետաքրքիր է, որ «Եվրատեսիլ 2008»-ին շատերը կարծել էին, որ երգչուհիներ Անի Լորակի և Սիրուշոյի դիմահարդարը նույն մարդն է, բայց մենք երկուսս էլ իրարից անկախ աշխատում էինք նույն ոճում»:
Իր շրջագայություններից էլ հիշեց մի քանի կարևոր դրվագ. «Երբ Ամերիկայում էինք, Սիրուշոյի ֆոտոսեսիայի ժամանակ աշխատեցինք աշխարհահռչակ երգչուհի Ջենեթ Ջեքսոնի և բազմաթիվ հայտնի աստղերի լուսանկարիչ Ջերրի Ավենեմի հետ: Երբ նա տեսավ իմ աշխատանքը' առաջարկեց համագործակցել: Ամերիկայում ծանոթացա հայազգի շատ շնորհալի վարսահարդար Կարենի հետ, ով աշխատում է բազմում հանրահայտ աստղերի հետ, և այդ օրերին նա ինձ հրավիրեց երգչուհի Սամանթա Ջեյդին դիմահարդարելու»,- հիշեց Ագան:
Այսօր հայտնի դիմահարդարին բազմաթիվ աղջիկներ են գրում, խորհուրդներ են հարցնում: Ագան հատուկ նրանց համար իր յութուբյան էջում տեղադրել է երկու տեսանյութ, որտեղ սովորեցնում է շպարվել:
Զրուցեց Սիրանուշ Գրիգորյանը/ ArmStar.am/