Չեկիստները` Լեռ Կամսարին. «Գնդակահարվե՞լ ես ուզում, թե՞ քսան տարով աքսորվել»
Գիտություն և Մշակույթ
ՆՎԻՐՎՈւՄ է ԲՈԼՈՐ ԱՆՄԵՂ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
«ՀԱՍՏԱՏՈւՄ ԵՄ»
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
ՀՍՍՀ ՆԳԺԿ ՊԵՏ
N 4062 հետաքնն. գործով քաղ. Արամ Թովմասի Թովմաղյանի /Լեռ Կամսար/ հանցագործության մեղադրանքի
ՄՈւՂԴՈւՍԻ
27. 01. 36 թ.
ՍՍՀՄ Քր. օր 67 հ. 1-ին մասով
Արամ Թովմասի Թովմաղյան, գրական անունը` Լեռ Կամսար, ծնված 1888 թ. Վանում (Թուրքիա), հոգեւորականի որդի, գրականագետ: Դատվել է ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: ՄԵՂԱԴՐՎՈւՄ Է, որ 1921 թ. դաշնակցական ավանտյուրայի ժամանակ գրել է հակասովետական եւ հակակոմունիստական ֆելիետոններ դաշնակցական «Հայրենիքի փրկության կոմիտեի» պաշտոնաթերթում: Հայաստանում դաշնակցական ավանտյուրայի ճնշումից հետո տարագրվել է Իրան, որտեղ հանդիպում է ունեցել դաշնակ առաջնորդ Մելիք-Թանգայնի հետ: Իրանում, չլինելով իրանահպատակ, անօրինական ճանապարհով ձեռք է բերել իրանահպատակության անձնագիր: Վերադառնալով Իրանից` գրել եւ փորձել է սովետական մամուլ խցկել ակնհայտ հակահեղափոխական պիես` «Պլենար նիստ» վերտառությամբ: Սովապարատի զտման ժամանակ մի շարք հակահեղափոխական հայտարարություններ է արել` ասելով, որ երիտթուրքերի ռեժիմը գերադասում է սովետականից, որ չի հետաքրքրվում սոցշինարարությամբ, քանի որ սոցիալիստ չէ: 1931 թ. հոկտեմբերին իր դիմումում նկարագրելով իր զտման պատմությունը` բացահայտ զրպարտել է կոմկուսը: 1934 թ. ձմռանը Տերոյանի տանը Թովմաղյանի ներկայությամբ Մուշեղյանը վարկաբեկել է կոմկուսը, պրովոկացիայի ենթարկել սովետական իշխանությունը, զրպարտել է կուսակցության եւ կառավարության անդամներին: Թովմաղյանը նամակագրություն է ունեցել բուրժուական ռամկավար կուսակցության անդամ վտարանդի Վարդապետյան Հարությունի հետ, որին ուղղված նամակներում վարկաբեկել է սովետական երկրի կյանքը եւ սովետական իշխանությունը: Արտասահմանից` գրող Իսահակյան Ավետիքից, խորհուրդ է ստացել սովետական իշխանության նկատմամբ ունեցած մաղձը խցկել սովետական մամուլ` օգտվելով իր ֆելիետոնիստ լինելու հանգամանքից: Թովմաղյանը Ամերիկայի իր ծանոթների միջոցով փորձել է համագործակցել բուրժուական մամուլի հետ: 1932 թ. օգտվելով Իրանում անօրինական ճանապարհով ձեռք բերած անձնագրից` անձամբ ներկայացել է Իրանի հյուպատոսին' իրանահպատակությունը ձեւակերպելու խնդրանքով: Թովմաղյանն իր բոլոր հակահեղափոխական գրվածքները կարդացել է Տերոյանին, որի համաձայնությամբ էլ կատարել է ՍՍՀՄ օր. գ. 67 հոդվածով նախատեսված հանցագործությունը:
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՔԸ՝ Հակասովետական ինտելիգենցիա:
Համաձայն ՍՍՀՄ օրենսդրության 200 հոդվածի` սույն գործով հետաքննությունը համարել ավարտված եւ հատուկ գործերի դատախազի միջոցով ուղարկել ՀՍՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի լսմանը:
Մեղադրական եզրակացությունը կազմվել է ,, **,, հունվարի, 36 թ.
Գաղտնի քաղաքական 2-րդ բաժնի պետի ժամանակավոր օգնական
Իսրայելյան—-ստորագրություն:
«Համաձայն եմ»՝
Ազգային անվտանգության վարչության գաղտնի քաղաքական բաժնի պետի տեղակալ
Թովմասյան ____ ստորագրություն:
Մոտենում է նոյեմբերի 25-ը:
Այս այն օրն է, երբ ինձ ձերբակալեցին ու հյուսիսային անդրբեւեռ ուղարկեցին:
Չնայած օրերը դեռ տաք են, բայց ես հիմիկվանից մրսում եմ, չիմանալով ցրտի՞ց, թե՞ վախից:
Որպեսզի մարդ հանկարծակիի չգա, պետք է ժամանակից գեթ մի ամիս առաջ ձերբակալվի, հոգեբանորեն ինքզինքը նախապես պատրաստի այդ ահեղ օրվա համար, կարոտն առնի իր կնոջից ու երեխաներից, աշխարհի հետ եղած կապերը մեկ-մեկ քանդի, վերջին անգամ փափուկ անկողնում պառկի, յուղի եւ մսի երես տեսնի, հաշտվի ոջիլի գոյության հետ, իսկ ամենից կարեւորը՝ մեջքն ուղղի ու հանգստանա, որպեսզի ուժ ունենա այնուհետեւ, Աստված գիտի մինչեւ երբ, հյուսիսի անտառներում գերաններ կրել դեպի գետային նավահանգիստ եւ այն բեռնել նավը:
Բռնվելուց շատ առաջ պետք է ուղղես սխալներդ, նոր մեղքեր չգործես, լինես բյուրեղի պես արդար, որ քեզ ձերբակալեն. որովհետեւ չեկիստը երբեք մեղավոր մարդուն ձեռք չի տալիս...
- Կնի՛կ,- ասում եմ,- ինչպե՞ս ես, պատմի՛ր քո վիճակի մասին, որովհետեւ աքսորվելիս նամակ չի թույլատրվում գրել իրար, ու մենք հավետ իրարից լուր չենք ունենա: Ու եթե պատահի, որ իմ մահվան մասին լուր տարածվի՝ լաց ու կական չբարձրացնես, ինչպես մի անգամ արիր, եւ նոր ամուսին ճարելու մասին չմտածես, ինչպես մի անգամ մտածեցիր: Հետո դառնալով երեխաներիս՝ ասում եմ.
- Եկեք ձեզ մի կուշտ համբուրեմ, բալիկնե՛ր, աքսորիս օրը, բանտում համբուրելն արգելված է բանտային օրենքով, եւ թույլ չեն տա: Նրանք սեղաններ են դնում գնացողի ու մնացողի մեջտեղը, որ արգելեն հրաժեշտի վերջին համբույրը: Ես, որ ողջ կյանքում անբիծ եմ ապրել, չեմ ուզում մի չնչին համբույրի համար «մեծ հանցանք» գործել...
Հետո էլի դառնում եմ կնոջս.
- Չլինի երեխաների բերանից կտրես ու ինձ «պերեդաչա» բերես բանտում եղածս ժամանակ: Այդ նշանակում է՝ դու երեխաներիս մորթում ես եւ միսն ինձ հրամցնում: Ասա՛, անիրավ, ես իմ երեխաների համար որդեկեր հա՞յր եմ եղել
Այս բոլորն ասում ու ճանապարհ եմ ընկնում: Յոթանասուն օր պառկում եմ չեկայում, պաղ սալահատակին, օրական մի անգամ բարձրանում քննիչի մոտ, վայր իջնում, լսում գնդակահարության գնացող մարդկանց կոկորդային, մարդկային ոճը կորցրած ձայները ու ինքզինքս նախապատրաստում այդ օրվան, «կլյուչնիկի» ոտքն եմ ընկնում, որ ինձ երկրորդ անգամ դուրս թողնի, որովհետեւ լուծ եմ, պատրաստվում եմ լսել նրա մերժումը իր բոլոր հետեւանքներով...
- Ա՜խ,- այնուհետեւ հառաչում եմ ես,- ի՞նչ կլիներ, եթե իմ փորը կամքիս պես պինդ լիներ...
Երբ այսքանը նախապատրաստվել եմ՝ մոտենում, ներս եմ առնում երկու զինված չեկիստներին:
Նրանք ներս մտնելիս ուշի-ուշով պատերին են նայում, եւ նրանցից մեկը, ձեռքը ատրճանակի կոթին՝ խոսում է սպառնական.
- Ինչո՞ւ պատերին Լենինի ու Ստալինի պատկերներ չունես:
- ..., - ասում եմ ես բարձրաձայն: Նրանք քրքրում են գրադարանս:
- Գրքերիդ մեջ սոցիալիստական բրոշյո՜ւր անգամ չունես:
Ես կրկնում եմ իմ լռությունը:
Այնուհետեւ ձեռք են զարկում բնակարանիս մանրակրկիտ խուզարկությանը:
Ես այդ խուզարկության ժամանակ եմ միայն իմանում, թե որքան հարուստ մարդ եմ եղել:
Սնդուկներիցս դուրս են գալիս բանից պրծած կոշիկներ, ծակ կալոշներ, չորացած կաշվի կտորներ, որոնց չեկիստներից մեկը այնքան հետաքրքիր է նայում, որից եզրակացնում եմ, թե դա նախկին հնակարկատ լինելու է:
Վերջում ես ձերբակալվում եմ ոչ թե ունեցածս բաների համար, այլ չունեցածս առաջնորդների նկարների ու սոցիալիստական բրոշյուրների համար... Վա՜յ, վա՜յ:
Ու ես սեղմված երկու չեկիստների արանքում գնում եմ:
Ճանապարհին սարսափեցնելու համար չեկիստներից մեկը դիմում է ինձ.
- Ուրեմն դու համոզմունքով ինդիվիդուալիստ ես եղել, հա՞:
- Այն ժամանակ, երբ ես անհատապաշտ էի, դա հանցանք չէր համարվում, - ասում եմ ես ու ավելացնում, - ուրեմն՝ դուք ա՞յդ էլ գիտեք:
- Մենք դեռ ինչե՜ր գիտենք քո մասին, որ դու չգիտես, կգաս Չեկա քեզ կճանաչես..
«Կարմիր օրեր» 2000թ. էջ 403
Չորեքշաբթի 22. Քաղցր բան է երազը, մանավանդ, որ քեզ տանում է նախասովետական օրերը, երբ դու էլ մարդ էիր: Փողոցով անցնելիս բոլորը մատով ցույց էին տալիս քեզ, չմնացած գովասանքը շռայլելով, չափազանցված հարգանքով շրջապատում էին քեզ. դու էլ ինչքան էլ համեստ ես, այնուամենայնիվ չէիր կարող չուռել, չփքվել ու գոհունակությամբ շուրթերդ չլիզել:
Բայց երազը երկսայրի է: Մեկ էլ տեսար ծռեց իր ճամփան, խլեց քեզ ընտանիքիցդ ու տաքուկ սենյակիցդ, տարավ Չեկա, գցեց մութ նկուղների պաղ ցեմենտի հատակի վրա, սեւ ու կեղտոտ ոջիլները ծվարեցին վրադ ու կծի՛ր, որ կկծես: Այսպես յոթանասուն օր, որից հետո վեց ամիս բանտը:
Սա դեռ պատիժը չէ, պատժի նախերգանքն է:
Սա այն է, ինչ Թումանյանի « Շունն ու կատուի» մեջ Քեռի քուչին կատվի բերած մորթին «ցրցամ է» դրել, որ հետո նրա համար գլխարկ կարի:
Այս նախնական տանջանքներով պետությունը քեզ «ցրցամ» է դրել, որ դատարանում անձիդ հարմար հանցանք կարի ու քեզ հեռավոր հյուսիս քշի:
Եվ ահա դու կանգնած երեք կատաղած զինվորականների առաջ, դռնփակ դատվում ես:
Այնտեղ այդ երեք զինված հրեշներն են, դու՝ ու քո Աստվածը:
Մեջտեղի նստողը հանում է ատրճանակը պատյանից, դնում սեղանին ու դառնալով քեզ ասում.
- Խոստովանի՛ր հանցանքդ:
- Ես հանցանք չունեմ...
- Չունե՞ս, - բղավում ու վերցնում է ատրճանակը...
- Ունեմ, ունեմ...
Դու երկար մտածում ու ոչ մի հանցանք չես ճարում: Հետո ասում ես.
- Ես չգիտեի, հանցանք գտնելն էլ մեր պարտականությունն էր. կարծում էի դուք կմեղադրեք ու կպատժեք:
Այդ միջոցին քննիչի աջ կողմ նստողը տեսնելով քո հուսահատ անմեղությունը, խղճում է քեզ եւ դառնալով գլխավոր քննիչին ասում.
- Ինչպես երեւում է իրոք հանցանք չունի, մի պատրաստի հանցանք տանք թող ընդունի, դատենք գործը վերջացնենք:
Ապա դառնալով քեզ հարցնում է.
- Գնդակահարվե՞լ ես ուզում, թե քսան տարով աքսորվել:
- Քսան տարով աքսորվել:
- Լավ, այն ժամանակ քեզ կհամարես ֆաշիստ: Ու որպեսզի չմոռանաս այդ բանը, լավ կանես մի տեղ նշես: Եթե ոչ՝ կարող է հանկարծ հանցանքդ մոռանաս՝ ստիպված լինենք նորից կանչենք դատենք: Ուրեմն, դատը վերջացավ, մնաց ծեծը: Այս րոպեիս վախտյորը կկանչենք՝ քեզ մի քիչ ծեծի՝ այն ժամանակ ազատ ես աքսորվելու:
Ու վերցնելով հեռախոսը՝ վախտյոր է կանչում:
Հայտնվում է մի գազան՝ հաստ փայտը ձեռքին ու ասում.
- Ուժ չմնաց թեւերումս, ընկեր դատավոր, առավոտից մարդ եմ ծեծում: Խնդրել եմ ձեզ օգնական տալ ինձ. մինչեւ կեսօր ես ծեծեմ, կեսօրից հետո՝ օգնականը, որ ծեծը էֆեկտ ունենա: Իմ առավոտյան ծեծածները անպայման մեռնում են, որովհետեւ ուժ ունեմ թեւերումս:
- Ներկա կալանավորը չի մեռնելու, քսան տարով պիտի աքսորենք: Քեզ հարկավոր է միայն այնպես ծեծել, որ քսան տարում չմոռանա:
- Այդքանը կարող եմ, - ասում է մարդն ու սկսում է ծեծել քեզ:
Բայց դու ոչ թե քսան տարում, այլ հենց առաջին հարվածը, որ իջավ գլխիդ՝ կանգնած տեղդ էլ կմոռանաս: Տանջարանիդ դռները կբացվեն առաջիդ եւ ուր ուզես՝ կերթաս...
Ա՜խ, օրեր...
Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն: Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր: Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ արտասանել, որի մեջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով քեզ կխեղդի:
Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչեւ պորտը ձյուն, ամայի անտառում: Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը: Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մեջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում:
- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը ճիպոտը ձեռքին,- չաշխատես, օրապահիկիդ հացը չես ստանա:
- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տուր կացինը, - կասես դու վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետեւանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը:
Ա՜խ, օրեր...
Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա: Որովհետեւ վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բեւեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով սառել են ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար:
Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից նոսրացնել կալանավորներին:
Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի: Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը: Մեղադրանքը պիտի բազմազան լինի: Այդ պատճառով էլ ամեն առավոտ շարք եք կանգնում բոբիկ ոտներով ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ օրը՝ ութից մեկը, մինչեւ հասնում են երկուսից՝ մեկ...
Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել: Որպեսզի ապագա մարդկությունը ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մեջ ութերորդ, իններորդ լինելու համար:
Ու թող կործանվի այն օրը, երբ մարդիկ թվաբանություն հնարեցին:
Սովետական կառավարությունը այսօր տասի սահմաններում գնդակահարեց՝ որովհետեւ իշխում է միայն երկու հարյուր միլիոն բնակչության վրա. երբ դարձավ համաշխարհային՝ վայն եկել է աշխարհին տարել: Այնքան աշխարհում այլեւս մարդ չի թողնի, որ մազապուրծ մարդկանց պիտի բաժանի կոտորակների, առաջին օրը նրա աջ մասը գնդակահարի, երկրորդ օրը՝ ձախ... որ անելիք ունենան:
=====
Աշխարհում չկա մի կենդանի, որ վագրի ճանկերում պատառոտվելիս փառաբանի իր գիշատչին:
Իսկ սովետական ժողովուրդը Ստալինին փառաբանելով փողոտվեց:
Ժողովուրդը այդ գազանի երախում փառք տվեց եւ փառք տալով էլ իջավ նրա ստամոքսը...
Ա՜խ, օրեր...
Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ
Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)