Քարիմովն ստանձնեց Ուզբեկստանի նախագահի պաշտոնը
Աշխարհ
Ապրիլի 10-ին Տաշքենդում՝ Ուզբեկստանի խորհրդարանի վերին (սենատի) և ստորին (օրենսդիր) պալատների համատեղ նիստի ընթացքում, տեղի է ունեցել հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի պաշտոնակալման արարողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիստերի դահլիճում ներկա են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի դատավորները, Տաշքենդում հավատարմագրված դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալիմովը Քարիմովին է հանձնել Ուզբեկստանի նախագահի վկայականը:
Այնուհետև պետության ընտրված ղեկավարը, միաժամանակ ձեռքը դնելով Սահմանադրության և Ղուրանի վրա, երդում է տվել՝ պարտավորվելով «խստորեն հետևել Սահմանադրությանը և հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:
Ապրիլի 6-ին ԿԸՀ-ն ամփոփել է մարտի 29-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնցում Իսլամ Քարիմովը հավաքել է ձայների 90,39 տոկոսը՝ ընտրողների 91,08 տոկոս մասնակցության դեպքում: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ձայնի իրավունք ունեցող 20,798 մլն ընտրողներից ընտրություններին մասնակցել են 18,942 միլիոնը: Ընտրություններն անցել են 9058 տեղամասերում, այդ թվում 44-ը՝ 36 երկրներում Ուզբեկստանի ներկայացուցչություններին առընթեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ