ՄԱԿ-ը Դոնբասում հակամարտության զոհերի նոր վիճակագրություն է հրապարակել
Աշխարհ
Ավելի քան 6,1 հազար մարդ է զոհվել և գրեթե 15,5 հազարը՝ վերքեր ստացել Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորացված այս տվյալները տեղ են գտել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 13-ին:
«2014 թվականի ապրիլի կեսին հակամարտության սկզբից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը փաստագրված է 6 հազար 108 մարդու զոհվելը և 15 հազար 450-ի վիրավորվելը: Մարտական գործողությունների վերջին էսկալացման (հունվարի կեսից մինչև փետրվարի կեսը) զոհերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռևս չի ստացվել»,- ասված է փաստաթղթում: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ վարչությունը հաղորդել էր 6 հազար 90 սպանվածների և 15 հազար 429 վիրավորների մասին:
Հումանիտար վարչությունում ընդգծում են, որ զոհերի վերաբերյալ հաշվետվություններում ներկայացվող տվյալները «զուսպ են»: Վիճակագրությունը վարում են այն տեղեկատվության հիման վրա, որը տրամադրում են Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բուժհաստատությունները:
«Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների նկատմամբ հսկողության առաքելությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն կարծիքին են, որ զոհվածների իրական թիվն զգալիորեն ավելի մեծ է»,- նշում են վարչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ