Աշխարհի ամենաբարձր ապակե կամուրջը փակել են վերակառուցման համար
Աշխարհ
Չինաստանում անսպասելիորեն վերակառուցման համար փակել են աշխարհի ամենաերկար եւ ամենաբարձր ապակե կամուրջը՝ Չժանցզյացզե լեռնային բնակավայրում (Հունանի կենտրոնական նահանգ) շահագործման հանձնելուց հետո ընդամենը երկու շաբաթ անց: Այս որոշումը վարչակազմը բացատրել է զբոսաշրջիկների վիթխարի հոսքի պատճառով ատրակցիոնի աշխատանքը կատարելագործելու անհրաժեշտությամբ, որը գերազանցում է սահմանված սահմանաքանակները:
Հետիոտների համար նախատեսված արտասովոր կամուրջը, որի հատակը պատրաստված է գերամուր ապակուց, կախված է երկու լեռների միջեւ՝ շուրջ 300 մետր բարձրության վրա: Կառուցվածքի երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը՝ վեց մետր: Այն նախագծել է իսրայելացի ճարտարապետ Հայիմ Դոթանը:
Կամրջի հարթակը բաղկացած է գրեթե 5 սանտիմետր հաստությամբ 99 ապակե թիթեղներից: Պնդում են, որ այն միաժամանակ կարող է դիմանալ մինչեւ 600 մարդու:
Թե երբ կառույցը կրկին մատչելի կլինի զբոսաշրջիկների համար, չի ասվում: Դա կասկածանքներ է հարուցել կառուցվածքի անվտանգության վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' EPA-ի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ