Քրդական ջոկատները թուրքական զորքերի դեմ մարտեր են մղում Սիրիայի Ջանդարիս շրջանում
Աշխարհ
Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (ԺԻՈՒ) փետրվարի 4-ին գրոհել են թուրքական զորքերի՝ Աֆրին քաղաքից հյուսիս գտնվող Ջանդարիս բլուրների վրա տեղակայված դիրքերը և փորձում են դրանք վերադարձնել իրենց հսկողության տակ։ Ինչպես տեղեկացրել է քրդական Firat գործակալությունը, ԺԻՈՒ-ի ջոկատներն ավելի վաղ հակառակորդին դուրս են մղել Բուլբուլ բնակավայրից, որտեղ 48 ժամ ընթացել են թեժ մարտեր։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, աշխարհազորայինները պնդում են, որ «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումները, որոնք մարտերին մասնակցում են թուրքական կողմից, վնասներ են կրել և ստիպված են եղել նահանջել։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Թուրքիան փետրվարի 4-ին Աֆրին է տեղափոխել «Ֆեյլաք աշ Շամ» և «Նուրեդդին ազ Զենգի» ծայրահեղական իսլամական խմբավորումների զինյալների, որոնք թուրքական զրահատեխնիկայի աջակցությամբ այժմ գրոհում են Աֆրինի հյուսիսում գտնվող Ռաջո Ավանը։
Թուրքիայի ԶՈՒ տվյալներով՝ հունվարի 20-ին Սիրիայի հյուսիսում սկսված «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում զոհվել է 899 քուրդ զինյալ, թուրքական կողմն ունի 13 զոհ և 57 վիրավոր։
Աֆրինի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Անջելա Ռիշոն հայտնել է, որ թուրքական զորքերի օդային և հրետանային հարվածների պատճառով զոհվել է 150 խաղաղ բնակիչ, ևս 298-ը վիրավորվել է։ Զոհերի և տուժածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են։

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ