Ով է հավակնում ՍԱՊԾ պետի պաշտոնին
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանն ազատվեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: Թե ինչո՞վ է պայմանավրված վերջինիս հրաժարականը, ովքե՞ր են հավակնում ՍԱՊԾ պետի պաշտոնին և թե ի՞նչ բացեր կան ոլորտում, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՍԱՊԾ ենթակայության տակ գործող «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանի հետ:
Ավետիսյանի կարծիքով՝ Իշխան Կարապետյանի հրաժարականը բնականաբար պայմանավորված է իշխանության փոփոխությամբ, քանի որ վերջինս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կադրն էր, իսկ նրա հրաժարականը այս պահին իշխանափոխության տրամաբանական շարունակությունն է:
Հարցին՝ ՍԱՊԾ պետի պաշտոնի համար մի շարք անուններ են շոշափվում, այդ թվում՝ նախկին պետ Արմեն Հայրապետյանի անունը, ինքն ո՞ւմ է տեսնում այդ պաշտոնին, Ավետիսյանը պատասխանեց. «Ես որևէ անուն չեմ ուզում հնչեցնել և գուշակությամբ էլ չեմ ուզում զբաղվել: Սակայն նախկին պետի նշանակումը գրեթե բացառում եմ, որովհետև նա նախկին պետ էր, այսինքն՝ ռեժիմի, ինչ-որ շրջանակների մարդն է եղել»,- նշեց նա:
Խոսելով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտում առկա խնդիրների մասին Ավետիսյանը նշեց, որ ոլորտի բացերը բազմաթիվ են, սակայն դրանք լրացնելը անհնարին չէ. «Ոլորտում խնդիրները շատ են՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած անգրագիտությունից, սակայն կարծում եմ մասնագետ լինելու և կոռուպցիայի դեմ պայքարելու դեպքում առկա բացերը դժվար չէ լրացնելը: Ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ այն է, որ ղեկավարությունը պետք է մասնագետ լինի: Կարծում եմ՝ ով էլ դառնա ՍԱՊԾ պետ պետք է գործի այսօր կառավարության որդեգրած քաղաքականության ներքո»:
ՍԱՊԾ պետի պաշտոնը զբաղեցնելու համար շրջանառվում է նաև Գեորգի Ավետիսյանի անունը, հնարավո՞ր է զբաղեցնի այդ պաշտոնը՝ դիտարկմանն ի պատասխան ՍԱՊԾ պետի նախկին տեղակալն ասաց.
«Ես շատ լավ գիտակցում եմ՝ ինչ խնդիրներ կան ոլորտում: Եթե առաջարկը լիներ նախորդ իշխանության ժամանակ միանշանակ չէի համաձայնի, բայց այս իշխանության օրոք, որը որդեգրել է առանց կոռուպցիայի և օրենքի շրջանակներում աշխատելու քաղաքականությունը, առաջարկ լինելու դեպքում չեմ բացառում, որ կհամաձայնվեմ: Ինձ տվյալ պաշտոնի համար որևէ առաջարկ չի եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր դիրքորոշումը պայմանավորված է ներկայիս իշխանության օրոք տեղի ունեցող դրական փոփոխություններով:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»