«Հրապարակ». Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին։
Մեր տեղեկություններով, նրան իր ցուցակում պատվավոր տեղ էր նախատեսել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն փորձերը՝ համոզելու Կարապետյանին, որպեսզի մասնակցի ընտրություններին, դեռ հաջողություն չեն ունեցել՝ նա պայքարող տեսակ չէ։ Ըստ ամենայնի, նրա մասնակցությունն ի վերջո կախված է նրանից, թե ինչ կորոշեն ռուսական իշխանությունները։
Ի դեպ, Կարապետյանն այս ընթացքում ավելի շատ Հայաստանում է եղել, ուստի երկրից բացակայելու հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, ինչն էլ թերեւս հույս էր ներշնչել ընդդիմադիրներին, որ նա ի վերջո կհամաձայնի մասնակցել ընտրություններին։ Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել»: