Իսրայելը ոչ մի դեպքում չի կարող մահմեդականների բարեկամը լինել. Էբրահիմ Ռայիսին՝ Զաքիր Հասանովին
Իրան«Իսրայելական ռեժիմը ոչ մի դեպքում չի կարող մահմեդական ժողովուրդների բարեկամը լինել»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները հիմնված են ընդհանուր կրոնական համոզմունքների վրա, իսկ «իսրայելական ռեժիմը մարդկության թշնամին է եւ չի կարող մահմեդական պետությունների բարեկամը լինել»։
Անդրադառնալով Թուրքմենստանում ՏՀԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը՝ Ռայիսին հավելել է, որ հանդիպումից հետո առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը, այդ թվում՝ երկու երկրների միջեւ տարանցիկ փոխգործակցությունը, արագանում է։
Ռայիսին հայտարարել է, որ «թաքֆիրիի եւ ԴԱԻՇ-ի խմբերի առկայությունը չի բխում տարածաշրջանի բնակիչների շահերից»։ «Այդ ավազակախմբերը ստեղծվել են ամերիկացիների եւ սիոնիստների կողմից եւ հանցավոր գործողություններ են իրականացրել, որտեղ էլ որ եղել են»։ Նա հույս է հայտնել, որ «ադրբեջանական զինված ուժերի գիտակցված ներկայության եւ պլանավորման դեպքում թաքֆիրական շարժումները եւ նրանք, ովքեր ապացուցել են իրենց թշնամությունը մահմեդականների նկատմամբ, չեն կարող ամրանալ տարածաշրջանում»։