Բայդենը գնահատել է Զելենսկու հետ իր զրույցը
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ անցած շաբաթ իր հեռախոսազրույցն արդյունավետ է որակել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Մենք արդյունավետ զրույց ունեցանք նախագահ Զելենսկու հետ, շարունակում ենք անդադար ներգրավվել դիվանագիտության մեջ՝ լարվածությունը թուլացնելու և մեր դաշնակիցների, գործընկերների և ողջ Եվրոպայի անվտանգությունը բարձրացնելու նպատակով», - ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Զելենսկին բացահայտել էր Բայդենի հետ զրույցի բովանդակությունը։ Նրա խոսքով՝ իրենք քննարկել են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ դիվանագիտական ջանքերը և պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել էր նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու թեման, նշել էր Ուկրաինայի ղեկավարը։