Ռոբերտ Քոչարյանը գոհ է եղել հանրահավաքից․ «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախօրեին Ազատության հրապարակում հրավիրել էին հանրահավաք՝ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության: Բավականին սուր ելույթներից հետո ընդունվեց նաև հայտարարություն, որով փաստացի հաստատագրվեցին այն կարմիր գծերը, որոնք տրորելը, այսինքն՝ հանրահավաքի կողմից ներկայացված սկզբունքների չիրագործումը «անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։
Ի դեպ, մեկ ժամով Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված ակցիան, երբ փակվեցին հարակից բոլոր փողոցները, իսկ հրապարակում դրվեց Արցախի դրոշը, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, նաև խորհրդանշական էր: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, թե հենց այստեղից 2018 թ. սկսվեց «Արցախի դրոշի իջեցման գործընթացը»: