ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորման հետ կապված հարցեր
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Անկարայում կազմակերպված հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծմանն ուղղված և կարիքավորներին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով միջանցքներ բացելու վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության տեքստում:
«Գլխավոր քարտուղարն աջակցություն է հայտնել Թուրքիայի կողմից հարցի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը շեշտել են, որ անհրաժեշտ է հումանիտար միջանցքներ բացել, որոնք հնարավորություն կտան տարհանել քաղաքացիներին և անհրաժեշտ հումանիտար աջակցություն ցույց տալ բնակչության այն խմբերին, որոնք տուժել են:
Գուտերեշի և Էրդողանի հանդիպումը, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Անկարայում՝ նախագահական պալատում, տևել է 70 րոպե: