Կառավարությունը հետաձգել է ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը
ՀայաստանՀՀ կառավարությունը հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
«Սեպտեմբերի 21-ին նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով»,– նշեց Խաչատրյանը։
Այլ միջոցառումներ պլանավորված չեն եղել։
Հիշեցնենք՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով մի շարք մշակութային հաստատություններում չեղարկվել կամ հետաձգվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, միջոցառումներ ու համերգներ։
Բոլոր կառույցները, որտեղ եղել են չեղարկումներ կամ հետաձգումներ, վստահեցնում են` նախօրոք գնված տոմսերն ուժի մեջ կլինեն տեղափոխված օրերին, որոշ թատրոններ նաև դիտարկում են տոմսերի վերադարձի տարբերակը, եթե ներկայացվի ՀԴՄ կտրոն կամ անձնագիր։
Նշենք, որ համատարած հետաձգվում են նաև հարսանեկան արարողությունները, ծննդյան տոնակատարությունները, սրճարաններում բարձր երաժշտություն չի հնչում։