Զեյն Մալիկը կոչ է արել Ռիշի Սունակին Մեծ Բրիտանիայում անվճար դարձնել դպրոցական սնունդը
Լուսանկարներ
Երգիչ Զեյն Մալիկը դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին՝ խնդրելով դպրոցականների համար անվճար սնունդ տրամադրել։ Այդ մասին գրում է Dazed-ը։
Զեյն Մալիկն ասել է, որ մանուկ հասակում միշտ ուտում էր դպրոցական ճաշերը, քանի որ ապրում էր աղքատության մեջ։ «Ես գիտեմ, թե ինչ է ամաչելը, ես դա անձամբ եմ տեսել, քանի որ Բրեդֆորդում մեծանալիս՝ ես ապավինում էի անվճար դպրոցական սննդին: Ես անձամբ զգացել եմ սննդային անապահովության հետ կապված խարանը»,- գրել է արտիստը Instagram-ում։
Ներկայումս Անգլիայում և Ուելսում չորսից մինչև 16 տարեկան երեխաները իրավունք ունեն անվճար դպրոցական սնունդ ստանալու, եթե նրանք ապրում են նպաստ ստացող և որոշակի վարկեր ունեցող ընտանիքներում: Անգլիայում, սակայն, 2022 թվականի սեպտեմբերին չորս միլիոն երեխա բախվել է պարենային անապահովության խնդրի հետ:
«Այս երեխաները տառապում են, ոմանք նույնիսկ դպրոցական ճաշարաններից սնունդ են գողանում, քանի որ շատ քաղցած են, բայց չեն կարող իրենց թույլ տալ ճաշ գնել: Նրանք նաև ամոթի զգացում են ունենում, որն ուղղակիորեն ազդում է նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա»,- ասել է Մալիկը Սունակին:
Արտիստը վարչապետին խնդրել է նոյեմբերի 17-ին ընդունվող բյուջեում կետ մտցնել աղքատության մեջ ապրող բոլոր երեխաներին անվճար դպրոցական սննդով ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)