Շվեդիայի հարավում ատոմակայանի ռեակտորն անսպասելի կանգ է առել՝ տուրբինի անսարքության պատճառով
ԱշխարհՇվեդիայի հարավում ատոմակայանի ռեակտորն անսպասելի կանգ է առել՝ տուրբինի անսարքության պատճառով, հայտնում է AP-ն՝ հղում անելով շվեդական SVT հեռուստաընկերությանը։
«Օսկարսխամնայում ատոմակայանի 3-րդ ռեակտորն անջատվել է էլեկտրացանցից՝ տուրբինի կանգ առնելու պատճառով։ Անսարքությունների վերացումը շարունակվում է»,- ասել է գործարանի ներկայացուցիչ Դեզիրե Լիլեւալը:
Ռադիացիոն արտահոսքի կամ այլ հնարավոր վտանգների մասին հաղորդումներ չեն եղել: Էներգիայի համաեվրոպական Nord Pool բորսան հայտնել է, որ հայտնի չէ, թե որքան ժամանակ չի աշխատի շվեդական ռեակտորը, «լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում»:
Կայանի OKG օպերատորն իր կայքում հայտնել է, որ ռեակտորը եռացող ջրով ամենամեծ ռեակտորներից մեկն է աշխարհում։ Գործարանի շինարարությունը սկսվել է 1980 թվականին, իսկ գործարկումը տեղի է ունեցել հինգ տարի անց։
Սկզբում Օսկարսխամնայի ատոմակայանն ունեցել է երեք ռեակտոր, սակայն դրանցից երկուսն ընդմիշտ փակվել են։ Սովորաբար դրա հզորությունը 1400 մեգավատտ է կազմում:
Շուրջ 10 միլիոն բնակչություն ունեցող Շվեդիան ունի եւս երկու ատոմակայան՝ մեկը Ստոկհոլմից հյուսիս գտնվող Ֆորսմարկում, իսկ մյուսը՝ Գեթեբորգից հարավ գտնվող Ռինգհալսում:
Այս տարվա սկզբին Ռինգհալսի ատոմակայանի երկու ռեակտորներից մեկի վերագործարկումը հետաձգվել էր մինչեւ հունվարի 31-ը՝ տեխնիկական սպասարկման պատճառով։