Խերսոնից զորքերի հետքաշումը Ռուսաստանի կողմից դրական քայլ է․ Էրդողան
ՌուսաստանԹյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին, գրում է ermenihaber.am-ը։
Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։
«Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը կմասնակցի, թե ոչ: Եթե մասնակցի ապա այնտեղ հնարավորություն կլինի դեմ առ դեմ հանդիպելու (Պուտինի հետ-խմբ.): Հակառակ դեպքում կշարունակենք դիվանագիտական շփումները հեռախոսազրույցների միջոցով: Ցանկանում եմ, որ մեր՝ որպես միջնորդի դերը հաջողությամբ իրականացնենք», - ավելացրել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ռուսական զորքերը առաջիկայում պետք է նահանջեն Խերսոն քաղաքից և պաշտպանություն կզբաղեցնեն Դնեպր գետի ձախ ափին։